Բուսական յուղի առկայությամբ ապրանքները «թթվասեր» մակնշմամբ իրացնելու առնչությամբ վարույթներ են հարուցվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր վարույթներ է հարուցել «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի, «Արբան» և «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ների նկատմամբ բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու առնչությամբ, ինչն առերևույթ կարող է պարունակել հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:
«Մասնավորապես լաբորատոր փորձաքննության արդյունքում բուսական յուղ է հայտնաբերվել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 18% յուղայնությամբ «Թթվասեր Դասական» անվանումով, «ԱՊԳ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 15% յուղայնությամբ «Թթվասեր» անվանումով և «Արզնի Կաթ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 20% յուղայնությամբ «Սերով Թթվասեր» անվանումով ապրանքատեսակներում, ինչն առերևույթ չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով «թթվասեր» ապրանքին ներկայացվող պահանջներին:
Այսինքն՝ բուսական յուղի առկայության պայմաններում հիշյալ կանոնակարգի իմաստով ապրանքը չի կարող ներկայացվել որպես թթվասեր»,- ասվում է հաղորդագրությունում։