44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Քննչական կոմիտեն 12 ահաբեկչական խմբավորումների 4000–ից ավելի անդամների՝ 44-օրյա պատերազմին մասնակցության վերաբերյալ փաստական տվյալներ է ձեռք բերել, որոնցից շուրջ 300-ը նույնականացել են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ նշելով, որ նրանց մեծ մասի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։
«Այն անձանց վերաբերյալ, ում արարքները հիմնավորվում են, միջազգային հետախուզում է հայտարարվում այն տրամաբանությամբ, որ հնարավորության դեպքում նրանք Հայաստանում կամ այլ երկրում կկանգնեն դատարանի առջեւ»,– նշել է ՔԿ նախագահը։
Արգիշտի Քյարամյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու դեպքերով քրեական գործեր կան հարուցված։ Դրանք, ՔԿ նախագահի խոսքով, առնչվում են ինչպես 44-օրյա պատերազմին, այնպես էլ 2021 թ. մայիսի, նոյեմբերի ներխուժումներին, 2022թ. սեպտեմբերյան դեպքին, Խծաբերդ-Հին թաղեր ուղղությամբ տեղի ունեցածին։
«Հիմնավորվել են Ադրբեջանի ռազմաքաղաքկան ղեկավարության կողմից կատարված բազմաթիվ հանցագործություններ՝ ինչպես մարդկության դեմ ուղղված, այնպես էլ ագրեսիվ պատերազմ վարելու, չթույլատրված զինատեսակներ կիրառելու, գերիներին խոշտանգելու, գերեվարված անձանց սպանելու, դիակների նկատմամբ անարգանք դրսևորելու վերաբերյալ»,– նշել է ՔԿ նախագահը։