Ճապոնիայի վարչապետը խոստացել է ամրացնել ԱՄՆ-ի հետ երկրի կապը նոր պաշտպանական քաղաքականության շրջանակում
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չորեքշաբթի խոստացել է խորացնել իր երկրի կապն ԱՄՆ-ի հետ Ճապոնիայի նոր պաշտպանական քաղաքականության շրջանակում, տեղեկացրել է AP-ն։
Մամուլի ասուլիսում ելույթ ունենալուց հետո Կիսիդան նշել է, որ կայցելի Վաշինգտոն՝ բանակցելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որպեսզի ընդգծի ճապոնա-ամերիկյան դաշինքի ուժը եւ ավելի սերտ համագործակցությունը երկրների միջեւ անցած ամիս ընդունված նոր պաշտպանական քաղաքականության շրջանակում։
Այցն ԱՄՆ Կիսիդայի այցելություններից մեկն է «Յոթնյակի» խմբի երկրներ, այցելությունների շարքն սկսվելու է երկուշաբթի։ Այս տարի Ճապոնիան ընդունելու է «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը Հիրոսիմայում։ Կիսիդան ասել է, որ իր հանդիպումը Բայդենի հետ «շատ կարեւոր եւ նշանակալի է լինելու, քան իր դեմքի ցուցադրությունը՝ որպես G7-ի նախագահ»։
«Մենք մնացած աշխարհին կցուցադրենք էլ ավելի ուժեղ ճապոնա-ամերիկյան դաշինքը,- ասել է Կիսիդան։- Մենք նաեւ կցուցադրենք մեր հետագա համագործակցությունը ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին հասնելու գործում»։
Ճապոնիան նոր պլանի համաձայն կգնի ԱՄՆ-ում ստեղծված հարյուրավոր «Թոմահավքներ» եւ այլ թեւավոր հրթիռներ, ինչպես նաեւ կամրացնի պաշտպանությունը Ճապոնիայի հարավ-արեւմուտքում՝ Թայվանում լարվածության ֆոնին։ Ճապոնական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ ԱՄՆ-ը եւ Ճապոնիան կքննարկեն, թե ինչպես են համագործակցելու Թայվանի պատճառով հակամարտություն ծագելու դեպքում։
Չորեքշաբթի ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բայդենը Կիսիդային կընդունի հունվարի 13-ին՝ քննարկելու համար տնտեսական եւ անվտանգային հարցեր։
Բայդենը եւ Կիսիդան կքննարկեն նաեւ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը եւ բալիստիկ հրթիռների ծրագիրը, ինչպես նաեւ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, կայունությունը Թայվանի նեղուցում, կլիմայի փոփոխությունը եւ տնտեսականն հարցերը, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը։
Երկու երկրների ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին Բալիում (Ինդոնեզիա), «Քսանյակի» նոյեմբերյան գագաթաժողովում։
Կիսիդան հունվարի 9-15-ին կայցելի նաեւ Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա եւ Կանադա, որպեսզի հանդիպի նրանց ղեկավարների հետ, նշել են Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունում։
Կիսիդան չորեքշաբթի նաեւ խոստացել է լուծել Ճապոնիայում ծնելիության նվազման լուրջ խնդիրը՝ միաժամանակ ներկայացնելով «նոր կապիտալիզմի» իր քաղաքականությունը, որը, նրա խոսքով, կստեղծի «աճի եւ հարստության բաշխման բարեհաճ ցիկլ» աշխատավարձերի կայուն բարձրացման համար, որը չի ավելացել տասնամյակներ։
Անցած տարի Ճապոնիայում ծնված երեխաների թիվը կնվազի՝ հասնելով ռեկորդայինի՝ 800 000-ից ցածր, ինչը կխարխլի ազգային հզորությունը։
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ կառավարությունն ավելին կանի երեխաների խնամքն ավելացնելու եւ աշխատավարձերի, աշխատապայմանների գենդերային տարբերությունը կրճատելու համար, որպեսզի նվազեցվեն պատնեշները կանանց համար։
Ճապոնիան աշխարհում մեծությամբ երրորդ տնտեսությունն է, բայց կյանքի արժեքը բարձր է, իսկ աշխատավարձի աճը դանդաղ է տեղի ունենում։ Պահպանողական կառավարությունը հետ է մնում այն հարցում, որ հասարակությունում երեխաները, կանայք եւ փոքրամասնություններն ավելի ներառված լինեն։
Կառավարության ջանքերը՝ ուղղված ավելի շատ երեխաներ ունենալուն, մինչ այժմ սահմանափակ էֆեկտ են ունեցել, չնայած հղիության, ծննդաբերության եւ երեխաների խնամքի սուբսիդիաներին։