Հիմա այս սրիկան է մեզ նավթ ու գազ մղում. Bild
Գերմանական Bild օրաթերթն անդրադարձել է Ադրբեջանից ԵՄ էներգակիրների ներմուծմանը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրկում է մարդկանց լույսից ու սննդից, իսկ ԵՄ-ն նրան անվանում է «վստահելի գործընկեր»:
«Նա ոչ մի կերպ չի զիջում Կրեմլի շեֆին, նա կռվում է, զրկում է մարդկանց լույսից ու սնունդից, բայց ԵՄ-ն նրան գովում է որպես «վստահելի»:
Ռուսաստանն այլևս մեզ նավթ և գազ չի մատակարարում, բայց էներգակիրների ներմուծումը դժվար թե բարոյապես ավելի մաքուր լինի։ Ընդհակառակը: ԵՄ-ի այս նոր գործընկերը բռնապետ է, ով պատերազմում է իր հարեւանի հետ և չի ամաչում խաղաղ բնակիչներին էլեկտրաէներգիայից և սննդից զրկելուց:
Եվ մինչ Պուտինը նույնիսկ շահում է ԵՄ ստահակի նավթի ու գազի արտահանումից, ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գովաբանում է այս մարդուն որպես «վստահելի գործընկեր»»,- գրում է Bild-ի հեղինակը: