ԱՄՆ-ն Եվրոպային դեպի անդունդ է մղում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ն մեծապես ազդում է եվրոպական պետությունների ճակատագրի վրա, փոխանցում է Sputnik-ը։ Նրա խոսքով, ԵՄ-ում կա ըմբռնում, որ իրենք հնարավորություն չունեն ազդելու այս իրավիճակի վրա։
«Սա եվրոպացիների համար դեպի անդունդ տանող ճանապարհ է, և արդեն դեպի սեփական բարեկեցությունը, սեփական զարգացումը, որին նրանք նպատակադրել են, հետդարձ ճանապարհ չկա և երբեք չի լինելու։ Առջևում հսկայական վերագործարկում է: Ինչպես դա տեղի կունենա, որ սցենարով՝ դեռ ոչ ոք չգիտի։ Եվրոպայում շատերը դա հասկանում են, բայց իրավունք չունեն հարց տալու, առավել ևս բողոքելու: Այս ապագան չի կերտվում Բրյուսելում, այս ապագան կերտվում է Վաշինգտոնում»,- ասել է Զախարովան։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, «եվրոպացիները ցնցված են, որ իրենց պետությունների ապագա ուղին իրենց իսկ ղեկավարների ձեռքում չէ»։ Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն քաջատեղյակ է ներկայիս իրավիճակին։
«Նրանք ցնցված են, որ իրենց ճակատագիրը իրենց կառավարությունների ձեռքում չէ։ Եվ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե պատմական որ պահին են օվկիանոսից այն կողմ իրենց կառավարելու իրավունքը պատվիրակել։ Նրանք լավ գիտեն, որ ընդհանրապես չեն կարող կերտել իրենց ճակատագիրը։ Նրանք չգիտեն, թե ինչպես են ապրելու վաղը, և ինչ որոշում կկայացնեն իրենց համար Վաշինգտոնում»,- հայտարարել է Զախարովան։