Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայկական կողմի հայտարարությանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի կողմից երեկ արված հայտարարությանը՝ նշելով, թե հայկական կողմը «փորձ է անում մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»:
«ՀՀ ԱԳՆ-ի՝ 2023 թվականի հունվարի 3-ի հերթական հայտարարությունը Լաչինի ճանապարհին տեղի ունեցած բողոքի ակցիաների վերաբերյալ բացարձակապես անհիմն է և նպատակ ունի մոլորեցնել միջազգային գործընկերներին և արհեստականորեն լարել իրավիճակը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանության մեջ:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը երեկ կրկին հայտարարություն էր տարածել՝ ևս մեկ անգամ միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը։
Հայաստանի արտաքին հարցերով գերատեսչությունն ահազանգում էր, որ արդեն ավելի քան 3 շաբաթ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականությունը: