Պետական ապարատի մի մասն է հետևել միայն գործադիրի հորդոր-պահանջին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պետական ապարատի մի մասն է միայն հետևել գործադիրի հորդոր-պահանջին, այն է՝ հունվարի երեքին մեկ մարդու նման աշխատանքի ներկայանալ: Նիկոլ Փաշինյանի կաբինետի թերևս ամենաականառու նորարարությունը ոչ աշխատանքային օրերի կրճատումն էր: Նախ Հայ առաքելական եկեղեցու կողմից սահմանված տաղավար 5 տոներին հաջորդող ոչ աշխատանքային մեռելոցներն աշխատանքային դարձրեցին, ապա անցան նաև Նոր տարվա տոնական օրերի կրճատմանը:
Հանուն արդարության նշենք սակայն, որ Ամանորի տոնական ոչ աշխատանքային օրերը կրճատելու գաղափարը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանինն էր: Փաշինյանի կաբինետն արդեն երկրորդ տարին է՝ փորձում է իրագործել տոնական օրերը հնարավորինս կրճատելու գաղափարը, բայց, փաստացի, դա ամբողջությամբ իրագործել չի ստացվում: Չնայած կառավարության ենթակայության տակ գտնվող տարբեր գերատեսչություններին՝ նախարարություններին, տարաբնույթ ՊՈԱԿ-ներին, մարզպետարաններին, համայնքապետարաններին ու ամենատարբեր այլ կառույցներին հրահանգ է իջեցված եղել, որ հունվարի 3-ի առավոտյան բոլորը պետք է բացեն աշխատասենյակի դռները, բայց անգամ մայրաքաղաքի ազատ ու թեթև երթևեկությունից էլ հասկանալի էր՝ հրահանգը տեղ չէր հասել:
Ազգային ժողովում, օրինակ, երեկ պատգամավորների դեֆիցիտ էր, աշխատակազմն էլ մեկումեջ էր աշխատանքի ներկայացել: Նման պատկեր է եղել նաև գրեթե բոլոր նախարարություններում ու մարզպետարաններում, նաև հենց Կառավարության շենքում:
Իհարկե, մեզ նման երկրի համար մեծագույն ճոխություն է ոչ աշխատանքային շատ օրեր ունենալը: Բայց ,եթե դա սոսկ ֆորմալ բնույթ է կրելու ու նման որոշում կայացնողներն անգամ ալարելու են հունվարի 3-ին աշխատանքի դուրս գալ, ապա առաջին հերթին նրանց համար բավական խիստ ու կոշտ սանկցիաներ պետք է մշակել: