Որ հիվանդությունների ախտանշանները կարող են արտացոլվել մարդու դեմքին
Առողջական շատ խնդիրներ արտացոլվում են մարդու դեմքին, ուստի մաշկի գույնի, այտուցների կամ այլ փոփոխությունների միջոցով փորձառու բժիշկը կարող է մի շարք հիվանդություններ կասկածել։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում ասել է թերապևտ Ալինա Կոբոզևան։
Մասնագետի խոսքով՝ աչքերի լորձաթաղանթների ու մաշկի դեղնավուն երանգը հուշում է լյարդի հետ կապված խնդիրների մասին, մինչդեռ մաշկի հիվանդագին գունատությունը կարող է պայմանավորված լինել սակավարյունությամբ, թթվածնի պակասով ու սրտի հիվանդություններով։
«Աչքերի շուրջ առաջացած այտուցները կամ դեմքի այտուցվածությունը կարող են խոսել երիկամային անբավարարության մասին։ Շնչահեղձության կամ հազի հաճախակի նոպաների դեպքում այտուցված, գունատ դեմքը և անտարբեր հայացը կարող է երակային արյան լճացման մասին վկայել, իսկ քթի, այտերի ու այտոսկրերի հատվածում կարմիր բծերի առաջացումը կարող է լինել համակարգային կարմիր գայլախտի ախտանշան», - նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ արտաքինի փոփոխությունները կարող են հուշել նաև վահանագեղձի աշխատանքի խանգարումների մասին։ Այս դեպքում սովորաբար փոխվում են դիմագծերը, իսկ հոնքերի ծայրերի մազերը՝ թափվում։
Վերոնշյալ ախտանշաններից անգամ մեկի առկայության դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս անպայման բուժզննում անցնել ու խորհրդակցել բժշկի հետ՝ խնդրից հնարավորինս շուտ ազատվելու համար։