Սուրճի չարաշահումը կարող է հանգեցնել քաշի ավելացման․ սննդաբան
Սուրճի չարաշահումը կարող է հանգեցնել ոչ միայն անքնության, այլև քաշի ավելացման, գրում է doctor.rambler.ru-ն՝ վկայակոչելով սննդաբան Դարիա Ռուսակովային։
Մասնագետի խոսքով՝ մեծ քանակությամբ սուրճի գործածության դեպքում գերգրգռվածության պատճառով կարող են քնի խանգարումներ առաջանալ, իսկ քնի որակի ու տևողության նվազումը, որպես կանոն, փոխհատուցվում է սննդով։ Արդյունքում մարդն սկսում է նորմայից շատ ուտել, ինչն էլ հանգեցնում է քաշի ավելացման և այլ խնդիրների։
Ինչպես ընդգծել է Ռուսակովան, օրգանիզմի համար սուրճի անվնաս չափաբաժինն օրական 2-3 բաժակն է։ Այս քանակությունը բավական է առանց օրգանիզմին վնաս հասցնելու նյարդային համակարգը խթանելու համար։
«Սուրճը չարաշահող մարդը քիչ է քնում․ այն գրգռում է նյարդային համակարգը: Եթե մարդը քիչ է քնում, նա, որպես կանոն, շատ է ուտում։ Նման մարդկանց ավելի շատ սնունդ է պետք էներգիայի պակասը լրացնելու համար։ Սա էլ հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման, ուստի քունը շատ կարևոր է», - նշել է մասնագետը: