Իրանը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ սերտ համագործակցությունը շարունակելու մտադրության մասին
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաքերին հայտարարել է, որ Իրանը, որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անդամ պետություն, սերտ եւ լուրջ համագործակցել է ՄԱԿ-ի միջուկային գործակալության հետ եւ շարունակելու է այդ միտումը, հաղորդում է Tasnim-ը:
«Որպես գործակալության եւ միջուկային զենքի չտարածման պայմանագրի արդյունավետ եւ պատասխանատու անդամ, ինչպես նաեւ որպես միջուկային ներուժ, միջուկային գիտելիքներ եւ միջուկային տեխնոլոգիաներ ունեցող երկիր՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ լրջորեն եւ արդյունավետորեն համագործակցել է գործակալության հետ եւ, անշուշտ, կշարունակի այդ համագործակցությունը»,-ասել է Բաքերին։
Բարձրաստիճան դիվանագետն արձագանքել է նաեւ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի վերջին հայտարարություններին այն մասին, որ 2015 թվականին Իրանի հետ միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցությունները, որոնք պաշտոնապես հայտնի են որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), այլեւս իրենց համար նշանակություն չունեն:
«Բանակցությունները շարունակական գործընթաց են, որը շարունակվում է։ Նրա մեթոդները կարող են փոխվել (ժամանակ առ ժամանակ), սակայն գործընթացը դեռ շարունակվում է»,-նշել է Իրանի ԱԳ փոխնախարարը։
Միջուկային գործարքի փակուղին սկսվել է 2018-ի մայիսին, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնը դուրս բերեց Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ ձեռք բերված համաձայնությունից եւ խստացրեց տնտեսական պատժամիջոցները երկրի դեմ, այսպես կոչված, «առավելագույն ճնշման» քաղաքականության շրջանակում։
ԳՀՀԾ-ի փրկության շուրջ բանակցությունները սկսվել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 2021 թվականի ապրիլին՝ նպատակ ունենալով ուսումնասիրել համաձայնագրին վերադառնալու եւ հակաիրանական պատժամիջոցները հանելու Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը։
Բանակցությունները փակուղի են մտել 2022 թվականի օգոստոսից այն պատճառով, որ Վաշինգտոնը շարունակում է իր պատժամիջոցային քաղաքականությունը։