Պինգվինները ճանաչում են իրենց հայելում. հետազոտություն
Հնդիկ հետազոտողները պարզել են, որ Անտարկտիդայի Ադելի պինգվինները որոշ չափով ինքնագիտակցություն ունեն։ Նրանք դրա համար օգտագործել են այսպես կոչված հայելային թեստը, որի ընթացքում փորձարկվողներին ցուցադրել են իրենց արտացոլանքը եւ հետեւել նրանց արձագանքին։
Ենթադրվում է, որ եթե կենդանին իրեն կարողանում է ճանաչել հայելում, դա վկայում նրա ինքնագիտակցության առկայության մասին։ Թեստն անցել են 1,5-2 տարեկանից բարձր բոլոր առողջ մարդիկ, շիմպանզեները, գորիլաները, կաչաղակները, մրջյունները, կետադելֆինները եւ որոշ այլ տեսակներ։
Հետազոտողները կատարել են չորս փորձ պինգվինների մասնակցությամբ։ Սկզբում նրանք պարզապես հայելին դրել էին գետնին, հետո պատրաստել ստվարաթղթե մակերեսներ՝ հայելիներ ունեցող եզրերով։ Մյուս երկու փորձերում հայելիների մակերեսին ամրացրել էին պինգվինների պատկերներ եւ հատուկ նշել պատահական կենդանիների։
Բոլոր պինգվինները չէ, որ արձագանքել են իրենց արտացոլանքին, բայց ոմանք այնպես էին շարժվում, ասես ուսումնասիրում էին իրենց։ Նրանք նաեւ հուզվել են՝ տեսնելով հայելիներին փակցված պինգվինների պատկերները եւ փորձել են հանել դրանք, բայց անտարբեր են մնացել՝ հայելում տեսնելով իրենք իրենց՝ գիտնականների կատարած նշումներով։
Կենդանաբանների կարծիքով՝ փորձի արդյունքներից չի կարելի միանշանակ եզրահանգումներ անել, բայց դրանք ընդհանուր առմամբ ցույց են տալիս, որ պինգվինները որոշակի չափով ինքնագիտակցություն ունեն։