Գիտնականները հայտնաբերել են մարդու «վեցերորդ զգայարանի» համար պատասխանատու գեները
Բեռլինի Մաքս Դելբրյուկի կենտրոնի գերմանացի փորձագետները լույս են սփռել այսպես կոչված «վեցերորդ զգայարանի» ֆունկցիոնալության վրա։ Նրանք հայտնաբերել են այն գեները, որոնք վերահսկում են մարդու այս ունակությունները:
Parismatch գործակալության հաղորդմամբ՝ առեղծվածային «վեցերորդ զգայարանը» այժմ մի փոքր ավելի հասկանալի կդառնա։ Պաշտոնապես այն կոչվում է պրոպրիոցեպցիա։ Հասկանալու համար, թե ինչպես է այն աշխատում եւ ինչի համար է դա մեզ անհրաժեշտ, բավական է փակել աչքերը եւ պատկերացնել, թե որտեղ են գտնվում մեր մարմնի մասերը եւ ինչպես կարող են դրանք շարժվել, ինչ դիրքում է գտնվում մեր մարմինը․ նստած ենք, պառկած, քայլում ենք կամ կանգնած ենք:
Մարմնի այս ֆունկցիան շատ կարեւոր է մարդու համար, բայց պրոպրիոցեպցիան դեռ քիչ է ուսումնասիրված, այն շատ գաղտնիքներ է թաքցնում։ Այժմ սակայն գաղտնիքներն ավելի քիչ կլինեն․ գերմանացի գիտնականները հայտնաբերել են մարմնի այս գործառույթները կառավարող գեները։
Նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն այս գեների հետ, չափազանց դժվար կլինի կոորդինացնել շարժումները։ Եթե առողջ մարդը հեշտությամբ է բաժակը մոտեցնում շուրթերին՝ ուշադրությունը չկենտրոնացնելով դրա վրա, ապա նրանց համար, ում մոտ պրոպրիոցեպցիան խախտված է, դա վերածվում է շատ դժվար խնդրի։ Նրանց համար անգամ դժվար է ուղիղ քայլելը, հավասարակշռությունը պահպանելը։