Աստղագետները հայտնաբերել են Վեներայի եւ Երկրի հիմնական նմանությունները
Գիտական աշխարհում վաղուց ընդունված էր համարել, որ Վեներայի տեկտոնական սալերը լիտոսֆերայի շատ հաստ լինելու պատճառով չեն կարողանում շարժվել։ Սակայն Կալիֆորնիայի աստղագետների վերջին ուսումնասիրությունը հերքել է այդ պատկերացումը:
Առաջին հայացքից Երկրի ամենամոտ հարեւանը շատ է նրանից տարբերվում։ Պայմանները, մեղմ ասած, դաժան են։ Մթնոլորտը չափազանց խիտ է, այն էլ ծծմբաթթվից ձեւավորված ամպերով: Իսկ մակերեւույթին ջերմաստիճանը ավելի քան 460 աստիճան է:
Սակայն նախկինում էլ համարվում էր, որ տաք միջուկի պատճառով Վեներան ավելի շատ նմանություններ ունի Երկրի հետ, քան Մերկուրին կամ Մարսը:
Մի կողմից տաք միջուկի գործոնը (դա ապացուցում է մոլորակի ջերմային ճառագայթման մակարդակը) պետք է նպաստի տեկտոնական ակտիվությանը։ Սակայն ավելի վաղ գոյություն ունեցող վարկածի համաձայն, Վեներան ունի չափազանց հաստ եւ մածուցիկ լիտոսֆերա եւ այն պետք է խանգարի մակերեւույթի տեկտոնական սալերի տեղաշարժին:
Սակայն, Nature Geoscience ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, տեկտոնական ակտիվության առումով Վեներայն գրեթե չի տարբերվում մեր մոլորակից: Այսպիսի եզրակացության են եկել Կալիֆորնիայի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնականները։
Պարզվել է, որ Վեներան միջինում տեկտոնիկորեն նույնիսկ ավելի ակտիվ է, քան Երկիրը։ Այժմ այն գտնվում է երկրաբանական պատմության մոտավորապես նույն մակարդակի վրա, ինչ Երկիրը եղել է Արխեյան դարաշրջանում, այսինքն՝ 4-2,5 միլիարդ տարի առաջ։ Բայց կա մի մեծ տարբերություն. Վեներան օվկիանոս չունի, մինչդեռ Երկիրն ունեցել է օվկիանոս շատ հին ժամանակներից։