Հռոմի պապը շնորհավորել է Ամանորն ու կոչ արել խաղաղություն հաստատել երկրի վրա
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է հավատացյալներին Ամանորի կապակցությամբ եւ կոչ է արել խաղաղություն հաստատել աշխարհում՝ Խաղաղության համաշխարհային օրվա կապակցությամբ, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցին նշում է հունվարի 1-ին։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդգծել է, որ այսօր ավելի ու ավելի հստակ է զգացվում պատերազմի անթույլատրելիությունը, որը «մահ ու ավերածություն է սերմանում»։
«Մենք հույսը չենք կորցնում: Համաճարակի փորձը մեզ սովորեցրել է, որ ոչ ոք միայնակ չի կարող փրկվել, իսկ միասին մենք կարող ենք քայլել խաղաղության եւ զարգացման ճանապարհներով»,- ասել է հովվապետը։
Նրա կարծիքով՝ այժմ ամենուր լսվում է «Ո՛չ պատերազմին», «Ո՛չ սպառազինությունների մրցավազքին» ձայնը։
Առաջին Խաղաղության համաշխարհային օրը նշվել է 1968 թվականի հունվարի 1-ին՝ Պողոս VI Պապի սահմանմամբ։ Ավանդույթի համաձայն՝ այս օրը մարդիկ աղոթում են եւ մտածում խաղաղության մասին աշխարհի բոլոր ծայրերում։