Բեռնատարի հետ բախումից հետո գոմեշների հոտի բոլոր անասունները սատկել են
ԱՄՆ-ի Յելոուսթոունի ազգային պարկի տարածքում բեռնատարը մխրճվել է գոմեշների հոտի մեջ. բախման հետեւանքով 13 կենդանի է սատկել, ասվում է Արեւմտյան Յելոուսթոուն քաղաքի իրավապահների ֆեյսբուքյան էջում։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ի առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում Մոնտանա մայրուղու վրա, որն անցնում է արգելոցի կողքով: Բիզոնների մի մասը տեղում մահացել է, մյուսներին ծանր վնասվածքների պատճառով ստիպված են եղել էվթանազիայի ենթարկել։
Վթարին մաս են կազմել եւս երկու մեքենա։ Ոստիկանության պետ Մայք Գավագանը հայտնել է, որ բեռնատարում կամ մյուս երկու մեքենաներում ոչ ոք չի տուժել:
Associated Press-ը նշել է, որ գոմեշները հաճախ հայտնվում են մայրուղիների մոտ, քանի որ ձյան տեղումների ժամանակ նրանց համար ավելի հեշտ է շարժվել ճանապարհի երկայնքով։ Կենդանիները կարող են դժվար տեսնելի լինել գիշերը՝ իրենց մուգ շագանակագույն երանգի եւ այն պատճառով, որ նրանց աչքերը չեն արտացոլում լույսը, ինչպես եղջերուներինը: