ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի
Իմանղալի Թասմաղամբետովը ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը։
«2023 թվականի հունվարի 1-ից, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ, Իմանղալի Թասմաղամբետովը երեք տարի ժամկետով նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում»,- ասվում է ՀԱՊԿ կայքում։
2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները որոշել են Իմանղալի Թասմաղամբետովին նշանակել կազմակերպության գլխավոր քարտուղար։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը։
Գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ բարձրագույն վարչական պաշտոնյան է և ղեկավարում է քարտուղարությունը։ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարի ժամկետով՝ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի առաջարկությամբ։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված է հետխորհրդային տարածքի վեց պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Բելառուսը։