Հնդկաստանը եւ Պակիստանը փոխանակել են միջուկային օբյեկտների եւ բանտարկյալների ցուցակները
Հնդկաստանը եւ Պակիստանը փոխանակել են միջուկային օբյեկտների եւ բանտերում գտնվող բանտարկյալների ցուցակները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Հնդկաստանի ԱԳՆ-ին։
«Այսօր Հնդկաստանը եւ Պակիստանը դիվանագիտական ուղիներով Նյու Դելիում եւ Իսլամաբադում միաժամանակ փոխանակեցին միջուկային կայանքների եւ օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ միջուկային կայանքների եւ օբյեկտների վրա հարձակումների արգելման մասին համաձայնագրին: Համաձայնագիրը, որը ստորագրվել է 1988 թվականի դեկտեմբերի 31-ին եւ ուժի մեջ է մտել 1991 թվականի հունվարի 27-ին, նախատեսում է, որ Հնդկաստանը եւ Պակիստանը յուրաքանչյուր օրացուցային տարվա հունվարի 1-ին միմյանց տեղեկացնեն Համաձայնագրի ենթակա միջուկային կայանքների եւ օբյեկտների մասին», ասվում է հաղորդագրության մեջ:
Հնդկաստանի ԱԳՆ-ն նշել է, որ սա երկու երկրների միջեւ նման ցուցակների 32-րդ փոխանակումն է:
Նյու Դելին եւ Իսլամաբադը փոխանակել են նաեւ կալանքի տակ գտնվող քաղաքացիական բանտարկյալների եւ ձկնորսների ցուցակները:
«Հնդկաստանը կիսել է 339 պակիստանցի քաղաքացիական բանտարկյալների եւ 95 պակիստանցի ձկնորսների ցուցակները, որոնք ներկայումս Հնդկաստանում կալանքի տակ են գտնվում: Նմանապես, Պակիստանը կիսել է 51 քաղաքացիական բանտարկյալների եւ կալանքի տակ գտնվող 654 ձկնորսների ցուցակները», - նշված է տեքստում:
Հնդկաստանի իշխանությունները կոչ են արել Պակիստանին «վաղաժամկետ ազատ արձակել եւ հայրենադարձել քաղաքացիական բանտարկյալներին, անհայտ կորած հնդիկ զինվորներին եւ ձկնորսներին՝ իրենց նավակների հետ միասին» եւ անհապաղ հյուպատոսական մուտք ապահովել Հնդկաստանից այլ բանտարկյալների համար: