Սպառնալիքի պարագայում Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերը պաշտպանությունից կանցնեն «այլ» առաքելության. Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային ուժերը պատրաստ են սպառնալիքի դեպքում անցնել «այլ» առաքելություն, որն այլեւս պաշտպանական չի լինի, նա նաեւ նշել է, որ միջազգային հարաբերությունների կառուցվածքն անցել է «նոր սառը պատերազմի», կիրակի հայտնել է ԿԺԴՀ-ի կենտրոնական հեռագրական գործակալությունը (CTAC):
Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության համաձայն, Կիմ Չեն Ընն այս մասին ասել է Կորեայի Աշխատավորական կուսակցության (WPK) կենտրոնական կոմիտեի վեցերորդ պլենումի իր եռօրյա զեկույցում, որն անցկացվել է դեկտեմբերի 26-ից 31-ը։
«Զեկույցում ընդգծվում է միջուկային բանակի ամրապնդման կարեւորությունը եւ մատնանշվում, որ մեր միջուկային զինուժն իր առաջնային առաքելությունն է համարում պատերազմի զսպումը եւ խաղաղության ու կայունության պաշտպանությունը, սակայն զսպման ձախողման (քաղաքականության - խմբ.) դեպքում նրանք վճռականորեն կիրականացնեն երկրորդ առաքելությունը, որն ակնհայտորեն լինելու է ոչ թե պաշտպանական»,- ասվում է KCNA-ի հայտարարության մեջ։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը կարգադրել է նաեւ, որպես երկրի միջուկային ուժերն ուժեղացնելու ռազմավարության մաս, մշակել նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համակարգ՝ «հրատապ» միջուկային պատասխան հարվածի հնարավորության համար՝ ապահով կերպով պաշտպանելու ԿԺԴՀ-ի արժանապատվությունը, ինքնիշխանությունը եւ գոյատեւումը::
Կիմ Չեն Ընը նաեւ առանձին միջոցառման ժամանակ ասել է, որ նոր գերխոշոր 600 միլիմետրանոց բազմակի հրթիռային համակարգերի հրթիռները կարող են մարտավարական միջուկային զենք կրել, եւ ողջ Հարավային Կորեան նրանց հասանելիության սահմաններում է: Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է նաեւ ԿԺԴՀ-ի տրամադրության տակ գտնվող միջուկային մարտագլխիկների քանակի ավելացման անհրաժեշտության մասին։