Թուրքիան համաձայնել է դուրս բերել իր զորքերը Սիրիայից` Մոսկվայում կայացած հանդիպումից հետո. Al-Watan
Անկարան, Մոսկվայում Թուրքիայի, Սիրիայի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո, համաձայնել է իր զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքից, գրում է սիրիական Al-Watan թերթը՝ հղում տալով Դամասկոսի աղբյուրներին։
Ռուսաստանի, Սիրիայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներն այս շաբաթ Մոսկվայում եռակողմ բանակցություններ են անցկացրել՝ քննարկելու սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները, ավելի վաղ հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նախարարությունը պարզաբանել էր, որ հանդիպումից հետո կողմերը նշել են այս ձեւաչափով անցկացվող երկխոսության կառուցողական բնույթը եւ այն շարունակելու անհրաժեշտությունը՝ Արաբական Հանրապետությունում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման շահերից ելնելով։ Մոսկվայում ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները 11 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցություններն էին Անկարայի եւ Դամասկոսի միջեւ, նշում է Hürriyet թերթը։
Ըստ Al-Watan-ի աղբյուրներից մեկի՝ երեք երկրների նախարարների՝ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներից մեկը եղել է Թուրքիայի համաձայնությունը՝ Սիրիայի հյուսիսում իր գրաված տարածքներից ամբողջական դուրս գալու վերաբերյալ։
Աղբյուրը նշում է, որ կողմերը քննարկել են նաեւ Սիրիայի հյուսիսում M4 մայրուղու վերաբերյալ 2020 թվականի համաձայնագիրը: