Huawei տեխնոլոգիական հսկան հայտարարում է, որ դուրս է եկել «ճգնաժամային ռեժիմից»
Չինական Huawei տեխնոլոգիական հսկան հայտարարում է, որ դուրս է եկել «ճգնաժամային ռեժիմից» ԱՄՆ-ի երկար տարիներ շարունակվող սահմանափակումներից հետո, որոնք խեղդում էին նրա արտասահմանյան վաճառքները, հաղորդում է AP-ն:
«ԱՄՆ-ի սահմանափակումներն այժմ մեր նոր նորման են, եւ մենք վերադարձել ենք մեր սովորական գործերին», - ուրբաթ հրապարակված ամանորյա ուղերձում նշել է Huawei-ի ներկայիս նախագահ Էրիկ Սյուն:
Կանխատեսվում է, որ Huawei-ի 2022 թվականի հասույթը՝ առանց աուդիտորական ստուգման, կկազմի 636,9 միլիարդ յուան (91,6 միլիարդ դոլար)։
Սյուն նշել է, որ ընկերությունը պահպանել է «կայուն աճը», իսկ սարքերի, հիմնականում հեռախոսների ոլորտում անկումը, նվազել է: Նա նաեւ հայտնել է, որ ընկերությունը «արագ աճ» է գրանցել իր ամպային բիզնեսում:
Huawei-ն ավելի մանրամասն ֆինանսական տվյալներ չի հրապարակել իր բիզնեսի կամ ընկերության ընդհանուր եկամուտների մասին:
Հաջորդ տարի Սյուն խոստացել է պահպանել Huawei-ի զգալի ներդրումները հետազոտությունների եւ զարգացման ուղղությամբ՝ նշելով, որ իր ամպային բիզնեսը պետք է հիմք դառնա աճի խթանման համար: