Հնագետները Չինաստանում 4500 տարվա հարյուրավոր դամբարաններ են հայտնաբերել
Կենտրոնական Չինաստանի Հենան նահանգում հնագետները մոտ 4500 տարվա վաղեմության ավելի քան 300 դամբարան են հայտնաբերել: Այս մասին հայտնում է չինական «Սինհուա» գործակալությունը։
Այս գտածոները մեծ նշանակություն ունեն նախապատմական Չինաստանի հուղարկավորության համակարգի եւ սոցիալական կառուցվածքի ուսումնասիրության համար։ Լոյան քաղաքի հնագիտության մունիցիպալ ինստիտուտի տվյալների համաձայն՝ Սույան հնագիտական վայրում գտնվող դամբարանների համալիրը զբաղեցնում է մոտ 15 000 քառակուսի մետր տարածք, եւ բոլոր դամբարաններն ուղղանկյուն հողափոսեր են:
Այս պահին հնագետները հայտնաբերել են ինը դամբարան, նրանք գտել են 10 մարդու կմախք։ Որոշ գերեզմաններ թալանվել են անցյալ դարաշրջաններում:
Սույանի հնագիտական վայրը զբաղեցնում է ավելի քան 600 000 քառակուսի մետր տարածք: Լոյանի քաղաքային հնագիտության ինստիտուտը պեղումներ է սկսել այստեղ 2021 թվականի սկզբին, եւ դրանք դեռ շարունակվում են: