Աուն Սան Սու Չժին եւս յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել
Մյանմայի դեմոկրատական կուսակցության տապալված առաջնորդ Աուն Սան Սու Չժին եւս յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել։ Ուրբաթ օրը նրա նկատմամբ դատավարությունների երկար շարքն ավարտվել է, եւ այժմ Նոբելյան մրցանակակրին ավելի քան երեք տասնամյակի ազատազրկում է սպառնում:
77-ամյա Սու Չժին դատապարտվել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքներով՝ կոռուպցիայից մինչեւ ապօրինի ռադիոկապ ունենալը եւ Covid-ի սահմանափակումները խախտելը:
Ուրբաթ օրը նա յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքի հինգ հոդվածով՝ կապված կառավարության նախարարի համար ուղղաթիռ վարձելու, սպասարկելու եւ գնելու հետ, որում նա, իբր, «պետությանը վնաս է պատճառել», հաղորդում է AFP-ն:
Սու Չժին ընդհանուր առմամբ 33 տարվա ազատազրկման է դատապարտվել 18 ամիս տեւած դատավարությունից հետո, որը իրավապաշտպան կազմակերպությունները կեղծ են որակել։