«Ժողովուրդն ատում է Էրդողանին, ասում է՝ բավակա՛ն է». Թուրքիայի ընդդիմությունը վստահ է, որ 2023-ի ընտրություններում հաղթելու է
Չնայած աճող քաղաքական ճնշումներին՝ թուրքական ընդդիմությունը, թվում է, վստահ է, որ 2023 թվականի ընտրություններում հաղթելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում է greekcitytimes.com-ը:
«Ժողովուրդն ատում է Էրդողանին, ասում է՝ բավակա՛ն է», - գերմանական գործակալությանը տված հարցազրույցում ասել է պաշտոնական ընդդիմության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն։
«Թուրքերի մեծամասնությունը ձգտում է ժողովրդավարության, ազատության և արդարության», - հավելել է Քըլըչդարօղլուն։
Նա նաև խոստացել է, որ Էրդողանի պարտությունը երկրում «նոր դարաշրջանի» սկիզբ կդնի։
Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2023 թվականի հունիսին, սակայն թուրքական լրատվամիջոցները կարծում են, որ դրանք կարող են վաղաժամ անցկացվել։
Վեց կուսակցությունից բաղկացած ընդդիմադիր դաշինքը, որը գլխավորում են Քըլըչդարօղլուի Ժողովրդահանրապետական և «Լավ» կուսակցությունները, դեռևս պետք է հայտարարի միասնական թեկնածուի անունը՝ Էրդողանին դիմակայելու համար։
Ընդդիմադիր կոալիցիան խոստանում է ստեղծել խորհրդարանական կառավարման ձև՝ վերջ տալով Էրդողանի կողմից 2018 թվականին հաստատված նախագահական համակարգին։
Էրդողանի վարկանիշն անկում է ապրում՝ հիմնականում տնտեսության խնդիրների պատճառով։
«Ժողովուրդը պատրաստվում է Էրդողանին դաս տալ քվեատուփի մոտ»,- ասել է «Լավ» կուսակցությունից պատգամավոր Թուրհան Չյոմեզը։