Նախկին դիվանագետներն ու դեսպանները զգուշացնում են, որ նոր կառավարությունը վնաս կհասցնի Իսրայելի համաշխարհային դիրքին
Իսրայելի ավելի քան 100 նախկին դիվանագետներ եւ դեսպաններ նամակ են ուղարկել նոր վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նախազգուշացնելով, որ Իսրայելի համաշխարհային դիրքը կարող է վնաս կրել, եթե նոր կառավարությունը ծայրահեղ աջ քաղաքականություն վարի, գրում է Times of Israel-ը։
Եբրայերեն եւ անգլերեն լեզուներով հրապարակված նամակում ստորագրողները «խորը մտահոգություն են հայտնում Իսրայելի արտաքին հարաբերություններին, նրա միջազգային դիրքին եւ արտերկրում նրա հիմնարար շահերին հասցվող լուրջ վնասների կապակցությամբ, որոնք բխում են, կարծես թե, նոր կառավարության քաղաքականությունից»:
Նամակում մտահոգություն է արտահայտվում Հորդանան գետի արեւմտյան ափին քաղաքականության հնարավոր փոփոխությունների եւ «ծայրահեղ եւ խտրական օրենքների» առաջմղման վերաբերյալ, որոնք թույլ կտան ծառայություններ մատուցողներին մերժել հաճախորդին՝ կրոնական հիմքերով:
Նամակում նաեւ զգուշացվում է, որ խոսքի ազատությունը եւ ժողովրդավարական արժեքները կարող են խափանվել, եւ ավելացվում է, որ դատական համակարգի անկախությունը սահմանափակելու կամ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին ուղղված միջազգային պայմանագրի մերժման որոշումները կարող են վնասել Իսրայելի՝ որպես ազատական եւ ժողովրդավարական երկրների իմիջը։
Արտաքին գործերի նախարարության նախկին պաշտոնյաները հայտարարել են, որ իրենց անհանգստացնում է բացասական արձագանքը, որը կարող է վնաս հասցնել ԱՄՆ-ի հետ Իսրայելի դաշինքին եւ հակադարձել Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի ու Մարոկկոյի հետ հարաբերությունները կարգավորելու Աբրահամյան համաձայնագրերի առաջընթացին:
Նրանք նաեւ զգուշացրել են, որ Իսրայելը կարող է ենթարկվել պատժամիջոցների եւ քրեական հետապնդման միջազգային դատարաններում: «Լուրջ վնաս կհասցվի նաեւ Իսրայելի եւ ամբողջ աշխարհի հրեական համայնքների միջեւ հարաբերությունների խճճված ցանցին եւ Իսրայելի միջազգային հեղինակությանը»: