Ֆիլիպինների նախագահը հույս ունի Պեկին կատարելիք այցի ընթացքում մի շարք համաձայնագրեր ստորագրել
Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-կրտսերը հույս ունի մի շարք համաձայնագրեր ստորագրել հաջորդ շաբաթ Պեկին այցի ընթացքում Հարավչինական ծովում շարունակվող տարածքային վեճերի ֆոնին, հաղորդում է AFP-ն:
Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ մի շարք նախագծեր քննարկման փուլում են, այդ թվում՝ գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի, նիկելի վերամշակման, զբոսաշրջության եւ կամուրջների կառուցման ոլորտներում։
Նախատեսվում է Մարկոսի հանդիպումը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հունվարի 3-5-ը: Չինաստանին բաժին է ընկնում Ֆիլիպինների արտաքին առեւտրի 20%-ը, եւ նա հանդիսանում է նաեւ օտարերկրյա ուղղակի ներդրումների հիմնական աղբյուրը։
Այցի ընթացքում կողմերը նախատեսում են համաձայնագիր ստորագրել տարբեր մակարդակների դիվանագետների միջեւ շփումների ակտիվացման մասին՝ նման հարցերի շուրջ «սխալ հաշվարկներից խուսափելու համար»։