Մահացել է Պելեն
Մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
Բրազիլիայի հավաքականի եռակի չեմպիոն, լեգենդար ֆուտբոլիստ Պելեն մահացել է 82 տարեկան հասակում։
Նշվում է, որ 2021 թվականին Բրազիլիայի հավաքականի նախկին ռմբարկուն ենթարկվել է հաստ աղիքի ուռուցքի հեռացման վիրահատության և այդ ժամանակվանից պարբերաբար բուժվել է։
Պելեն (իսկական անունը՝ Էդսոն Արանտես դու Նասիմենտո) պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով ազգային թիմում երեք անգամ նվաճել է աշխարհի առաջնության ոսկե գավաթը։
Իր կարիերայի ընթացքում Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։ Պելեն պահպանում էր ազգային հավաքականի կազմում խփած գոլերի ռեկորդը մինչև վերջերս Քաթարում կայացած աշխարհի առաջնությունը, որտեղ Նեյմարը կրկնեց իր ձեռքբերումը։ 2000 թվականին ՖԻՖԱ-ն Պելեին և արգենտինացի Դիեգո Մարադոնային ճանաչել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներ։