Դա զիջում չէ. Արցախի պետնախարարը՝ հանքի շահագործման դադարեցման մասին
Կաշենի հանքի շահագործման դադարեցումը զիջում չէ: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք զիջում չէ Արցախի կողմից Կաշենքի հանքի շահագործման դադարեցումը եւ միջազգային փորձաքննության անցկացումը:
«Դա զիջում չէ, դա ցույց է տալիս մեր պատրաստակամությունը, որ մենք ասում ենք` մենք վստահ ենք, որ ունենք լավագույն, էկոլոգիական ստանդարտներին համապատասխան գործող հանք, երկրորդը` եթե պետք է մենք շահագործումը կարող ենք կանգնեցնենք, երրորդը` մենք պետք է հասկանանք, որ ճանապարհը փակ է եւ խնդիրների առաջ են կանգնած բոլոր գործարարները: Մենք ասում ենք, որ այս հարցը ուզում ենք բերել այն հարթակ, որ համաշխարհային մակարդակի մասնագետները նայեն ու իրենց կարծիքը հայտնեն, ոչ թե ադրբեջանական այսպես ասված էկոլոգները, որովհետեւ դա էլ է շատ կարեւոր: Մենք ասում ենք, որ մենք ՄԱԿ-ի մակարդակով, համաշխարհային մակարդակի ընկերությունների մասնագետներով, եթե պետք է արվի ինչ-որ ստուգում, թող արվի այդ մակարդակով, ոչ թե Ադրբեջանի կողմից նշանակված ինչ-որ մարդիկ, որոնք իրենց երկրում չեն կարողանում ստուգեն իրենց խնդիրները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ արդեն 18 օր ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները փակ են պահում Բերձորի միջանցքը` լիակատար շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետությունը:
Արցախում բնակվող 120 հազար քաղաքացիներ, այդ թվում 30 հազար երեխաներ հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին: