Սև ամպեր են կուտակվել Գեղարքունիքի մարզպետի գլխավերևում
Վերջերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը լրագրողների հարցին ի պատասխան` ասել էր, թե Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի հետևանքով ոչ մի ֆերմերի բերք չի վնասվել, սակայն «Սուր անկյուն» հաղորդաշարի տեսախցիկների առաջ Սոթքի ֆերմերները ներկայացրել էին հակառակը, ու անհարմար դրության մեջ գցել Կարեն Սարգսյանին։ Կարեն Սարգսյանը նաեւ ոչ սթափ վիճակում մեքենա է վարել և Վարդավառի օրը 2 անգամ վթարի ենթարկվել։
Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը Կարեն Սարգսյանի մասով լցվել է, նա Սուրեն Պապիկյանի հովանավորյալի համբավ ունեցող Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին փոխելու մտադրություն ունի։ Եւ նոր մարզպետի ընտրության պարտավորությունը Փաշինյանը դրել է Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայումս Տարածքային կառավարման և Եթակառուցածքների նախարար Գնել Սանոսյանի վրա։ Սանոսյանը, ըստ մեր աղբյուրի, մարզպետի դերում տեսնում է Վարդենիսի նախկին համայնքապետ, իր համակուրսեցի Արամ Մելքոնյանին, այդ պատճառով Սանոսյանը նախ Մելքոնյանին բարձր պաշտոնի է նշանակել իր նախարարությունում, հետագայում Գեղարքունիքի մարզպետ նշանակելու հեռանկարով։ Մելքոնյանը ներկայումս Գնել Սանոսյանի խորհրդականն է։
Տեղեկությունը նախ փորձեցինք ճշտել Արամ Մելքոնյանից ու Գնել Սանոսյանից, սակայն նրանց հետ կապվել այդպես էլ չհաջողվեց։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ կապվել հաջողվեց, սակայն նա պատճառաբանեց, թե իր տեղը հարմար չէ` չի կարող պատասխանել, իսկ հետագայում նա մեր զանգերից չպատասխանեց: