Հանրապետության հրապարակում ամանորյա համերգի համար հատկացվել է 70 մլն 960 հազար դրամ
Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31–ին կայանալիք համերգի համար Երեւանի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 70 մլն 960 հազար դրամ։ Այս մասին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը։
«Համերգի ծրագրի գեղարվեստական մասը մշակվել է քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով ծրագրի թեմատիկ ուղղվածությունը, մասնակից-կատարողների երկացանկը, ժանրային բազմազանության ապահովման անհրաժեշտությունը, տոնի խորհուրդը եւ այլն: Համերգային ծրագրի իրականացման համար (որն իր մեջ ներառում է տեխնիկական սպասարկումը, բեմական կոնստրուկցիանեի, լուսային եւ ձայնային տեխնիկայի ապահովման, հրավառության կազմակերպման, նկարահանման եւ այլ աշխատանքներն ու ծառայությունները) հատկացվել է ընդհանուր առմամբ 70960.0 հազ (յոթանասուն միլիոն ինը հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ»,– ասաց Լեւոն Սարդարյանը։
Նշենք՝ դեկտեմբերի 31–ին, ժամը 23:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին կերգեն Գարիկ եւ Սոնա, Բամբիռ, Gorgeouz beats խմբերն ու DJ Սերժոն, Ա Չիլլան։