Հետազոտվել է ֆիզիկական ակտիվության վրա հեռավար աշխատանքի ազդեցությունը. TRIP
Ցուկուբայի համալսարանի ճապոնացի մասնագետները թվարկել են հեռավար աշխատանքի հետեւանքներն առողջության համար։ Հետազոտության եզրահանգումները հրապարակվել են Transportation Research Interdisciplinary Perspectives (TRIP) ամսագրում։
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են 4 500 հարցվողի օնլայն-հարցման տվյալները, որոնք ստացվել են 2020թ. ապրիլ-մայիսին։ Բոլոր մասնակիցներն աշխատել են տնից օրական չորս ժամից ոչ պակաս։ Մասնագետներին հետաքրքրում էր աշխատանքի այդ ռեժիմի ազդեցությունը ֆիզիկական ակտիվության (ՖԱ) վրա։
Պարզվել է, որ այն մասնակիցները, որոնք շարունակել են աշխատանքի գնալ հանրային եւ անձնական տրանսպորտով, ՖԱ ամենաբարձր ցուցանիշներն են ունեցել։ Տնից աշխատող խմբում այդ ցուցանիշները կտրուկ նվազել են՝ չհաշված գործնական ուղեւորությունները։ Անգամ հաշվի առնելով այն, որ հանրային տրանսպորտով կամ մեքենայով աշխատանքի գնալն ավելի քիչ էներգիա է պահանջում, քան հեծանվով կամ ոտքով գնալը, դա, միեւնույն է, ամենօրյա ակտիվության կարեւոր մասն է կազմում։
Հատկապես հետաքրքիր է, որ ՖԱ-ն նվազել է 18-29 տարեկան երիտասարդների, ինչպես նաեւ կանանց շրջանում, որոնք սկսել են աշխատել տանը համավարակի ժամանակ եւ դրանից հետո չեն վերադարձել գրասենյակ։ Նրանց ամենօրյա ակտիվությունը հասել է գրեթե զրոյի։ Ընդ որում՝ նրանց գործըկերները, որոնք արդեն աշխատում էին հեռավար՝ համավարակի պատճառով, ավելացրել են իրենց ամենօրյա ՖԱ-ն։ Հարցվողների մեծ մասը (80 տոկոս) համաձայնել է այն բանին, որ իրենց ակտիվության նվազումը հեռավար աշխատանքի անցնելու բացասական գործոնն է։
Հեղինակներն ավելացրել են, որ մշտական ՖԱ մակարդակը կարող են նվազեցնել դեպրեսիայի, տագնապի եւ սթրեսի ախտանշանները։ Հեռավար աշխատանքի միտումների պահպանումը գիտակցելով, մանավանդ երիտասարդների շրջանում, գիտնականներն ընդգծել են ամենօրյա բեռնվածության պահպանման կարեւորությունը՝ ֆիզիկական վարժությունների օգնությամբ, ակտիվ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ՝ աշխատանքից հետո որեւէ տեղ գնալիս։