Բրյուսովի ռեկտորի խորհրդականը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրիշա Թամրազյանը՝ հավելելով, որ առաջիկայում իրեն ներկայացված մեղադրանքի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Գ.Թ.–ին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել։
Ըստ ՔԿ–ի՝ դեկտեմբերի 9-ին, Գ.Թ.–ն, քաջատեղյակ լինելով, որ վերը նշված համալսարանի ռեկտորի ընտրություններով պայմանավորված, համալսարանի վարչական շենքում գտնվում են ինչպես այդ հաստատության բազմաթիվ աշխատակիցներ, ուսանողներ, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մի շարք աշխատակիցներ եւ այլ պաշտոնատար անձինք, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գիտակցելով, որ այդ պահին վարչական շենքում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն լուսաբանվում է լրագրողների կողմից եւ հասանելի է հասարակության լայն շերտերի համար, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք՝ Գ.Թ.-ն համալսարանի վարչական շենքում բարձրաձայն, բոլորի համար լսելի անպարկեշտ արտահայտություններ եւ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հասցեին՛ խափանելով մարդկանց անդորրն ու այդ պահին ընթացող հանրային միջոցառումը:
Գրիշա Թամրազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել «Բացակայելու արգելքը» եւ «Պաշտոնավարման կասեցումը»։
Որպես խափանման միջոց ընտրված՝ «Պաշտոնավարման կասեցման» մասին որոշումը կատարման նպատակով ուղարկվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին, ինչպես նաեւ այդ մասին տեղեկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարը։
Նախաքննությունը շարունակվում է։