Մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Ռուզան Սարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սարյանին:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարը ողջունել է Ռուզան Սարյանին և գոհունակությամբ նշել, որ անչափ կարևորում է Սարյանի տուն-թանգարանի գործունեությունը. «Սարյանի տուն-թանգարանը վերափոխված այն մշակութային հաստատություններից է, որտեղ տեսանելի են այն տարրերը, որոնք կցանկանայինք տեսնել նաև մյուս թանգարաններում: Բազմիցս առիթ եմ ունեցել լինելու այս թանգարանում, որն ունի տպավորիչ միջավայր և հետաքրքիր մոտեցումներ: Անշուշտ, այս ամենը Ձեր և թանգարանի անձնակազմի անխոնջ աշխատանքի արդյունքն է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր նվիրված աշխատանքի և կարևոր գործունեության համար»:
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը և Ռուզան Սարյանն անդրադարձել են թանգարանում առկա իրավիճակին, ընթացող աշխատանքներին, առաջիկայում նախատեսվող ծրագրերին և միջոցառումներին: Կողմերը քննարկել են նաև առկա խնդիրները և նախանշել դրանց լուծման հնարավոր ուղիները:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին թանգարանի գործունեության բարելավմանն ուղղված արդյունավետ քննարկման համար: Տնօրենը նախարարին է ներկայացրել թանգարանի հրատարակած Ե. Չարենցի 125-ամյակին նվիրված «Չարենց-Սարյան» խորագրով պատկերագիրքը:
Նախարար ժաննա Անդրեասյանի հրամանով՝ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա և անբասիր աշխատանքային գործունեության համար և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 55-ամյա հոբելյանի կապակցությամբ «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սարյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:
«Կրկին շնորհակալություն Ձեր աշխատանքի և ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար»,- հանձնելով պարգևը՝ նշել է նախարարը:
Ռուզան Սարյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և հավելել, որ պատրաստ է մշտապես իր գիտելիքներով և կարողություններով ծառայել Հայաստանի Հանրապետությանը: