Ծանոթին վճարել է 35 000 դրամ եւ ստացել վարորդական կեղծ վկայական. նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական եւ վարութային գործողություններ՝ իրացնելու եւ այլ անձի կողմից օգտագործելու նպատակով իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ իրացնելուն օժանդակելու առերեւույթ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկանում է Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ քաղաքացին, օրենքով սահմանված կարգով վարորդական վկայականի «D» կարգ ստանալու համար համապատասխան դասընթացներ անցած լինելու վերաբերյալ փաստաթուղթ ձեռք բերելու եւ այն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն ներկայացնելու նպատակով, դիմել է իր ծանոթին:
Վերջինիս պահանջով նրան վճարել է 35.000 ՀՀ դրամ գումար եւ վերոնշյալ դասընթացներին փաստացի չմասնակցելու պայմաններում վերջինիս օժանդակությամբ ձեռք է բերել Երեւան քաղաքում գործող ՍՊ ընկերության տնօրենի կողմից կեղծված եւ իրացված կեղծ վկայական՝ իր կողմից «D» կարգի ծրագրով դասընթացներ անցնելու եւ բավարար գնահատականներ ստանալու վերաբերյալ։
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով եւ 46-457-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։
Քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների ընթացքում միաժամանակ մի քանի հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են տարբեր քաղաքացիների անձնագրեր, նոթատետր, համակարգիչ եւ տպիչ սարքեր, կատարվել են հարցաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Վարույթի շրջանակներում կասկածի շուրջ հարցաքննվել են վերոնշյալ երկու անձինք։ Առկա են տվյալներ այն մասին, որ բազմաթիվ այլ քաղաքացիներ նման հանցավոր եղանակով ձեռք են բերել վարորդական վկայականի կարգ ստանալու համար համապատասխան դասընթացներ անցած լինելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցավոր մեխանիզմի կիրառման նմանատիպ այլ դեպքերը եւ դրանցում ներգրավված անձանց շրջանակը պարզելու նպատակով։