Սեւծովյան գազը կարող է 33 տարի բավարարել Թուրքիայի բնակչության պահանջարկը. Yeni Şafak
Գազի պաշարները Սեւ ծովում բավական են 33 տարվա ընթացքում Թուրքիայի բնակչության գազի պահանջարկը բավարարելու համար։ Բնական վառելիքի ծավալը բաց հանքավայրում գնահատվում է մոտ 58 մլրդ խորանարդ մետր, ինչը կնպաստի հանրապետությունում գազի ընդհանուր քանակության ավելացմանը. այն կհասնի 710 մլրդ խորանարդ մետրի, տեղեկացրելէ տեղական Yeni Şafak թերթը։
«Սեւ ծովում գազի հանքավայրի վերջին հայտնաբերմամբ Թուրքիան գազի իր պաշարներն ավելացրել է՝ ընդհանուր առմամբ 710 մլրդ խորանարդ մետրի հասցնելով։ Հաջորդ տարիներին արտադրությունը կհասնի բարձրակետին։ Հաշվարկների համաձայն, Սեւ ծովում հայտնաբերված գազը բավական է բնակչությանը՝ 33 տարի օգտագործելու համար»,- նշվել է հրապարակման մեջ։
Սեւծովյան գազը հաջորդ տարվա մարտի վերջից կմիացվի ազգային ցանցին եւ կօգտագործվի բնակելի տներում։ Դա կնպաստի երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։ Հայտնաբերված վառելիքի պաշարները միջազգային շուկաներում ընդհանուր առմամբ գնահատվում են 1 տրլն դոլար, թերթը մեջբերել է նախագահ Թայիփ Էրդողանի խոսքերը։
Դեկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը տեղեկացրել էր, որ Սեւ ծովում հայտնաբերվել է գազի նոր հանքավայր, որի պաշարները գնահատվում են 58 մլրդ խորանարդ մետր։ Սակարյա հանքավայրում աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են գազի նոր պաշարներ։ Թուրքական «Ֆաթիհ» հորատանավը գազի պաշարները հայտնաբերել է «Թյուրքալի-10» եւ «Թյուրքալի-2» գազահորերում։