Ճապոնիան Թայվանի մերձակայքում զենիթահրթիռային համակարգ կտեղակայի
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը զենիթահրթիռային համակարգ կտեղակայի երկրի ամենաարեւմտյան Յոնագունի կղզում, Թայվանի մոտ, հայտնում է Jiji News-ը։
Հրթիռային զորքերի տեղակայումը Օկինավա պրեֆեկտուրայի մեջ մտնող կղզում գտնվող ցամաքային ինքնապաշտպանական ուժերի ճամբարն ընդլայնելու ծրագրի մի մասն է՝ Ճապոնիայի հարավարեւմտյան կղզիների պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով, հայտնել է գործակալությունը՝ վկայակոչելով ՊՆ ներկայացուցիչ Տակեշի Աոկիին:
Ճապոնիան ավելի վաղ ներկայացրել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր խոշորագույն՝ 320 միլիարդ դոլարի ռազմական համալրումը, որը նախատեսում է այնպիսի հռթիռների գնում, որոնք ունակ են հարված հասցնել Չինաստանին: