Ամերիկացի միլիարդատերը կարծում է, որ մենք բոլորս պետք է շատ ավելի երջանիկ լինենք
Ամերիկացի միլիարդատեր Չառլի Մանգերը կարծում է, որ մենք բոլորս պետք է շատ ավելի երջանիկ լինենք, հայտնում է CNBC-ն։
Մանգերը՝ միլիարդատեր Ուորեն Բաֆեթի երկարամյա ներդրումային գործընկերն ու ընկերը, ասում է, որ չի հասկանում, թե ինչու են մարդիկ այսօր դժգոհ իրենց ունեցածից, հատկապես՝ համեմատած պատմության ընթացքում դժվար ժամանակների հետ:
«Մարդիկ ավելի քիչ են գոհ, քան այն ժամանակ, երբ ամեն ինչ շատ ավելի դժվար է եղել»,- ասել է Մանգերն այս տարվա սկզբին Daily Journal-ի տարեկան ժողովում, որի տնօրենն է նա:
98-ամյա միլիարդատերը նշել է, որ ինքը մեծացել է 1930-ականներին, երբ ամերիկացիները պայքարում էին ամեն ինչի համար։ «Իմ տարիքի մեկի համար տարօրինակ է, քանի որ ես ապրել եմ Մեծ դեպրեսիայի մեջ, երբ դժվարությունները անհավանական էին»:
Մանգերը դժգոհել է, որ այսօր շատ մարդկանց շարժիչ ուժը նախանձն է: Մինչեւ 1800-ականների սկիզբը հազարավոր տարիներ են եղել, երբ «կյանքը բավականին դաժան, կարճ, սահմանափակ էր: [Չկար] ոչ տպագրական մեքենա, ոչ օդորակիչներ, ոչ ժամանակակից բժշկությունը»,- ասել է նա:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց մոտավորապես 75%-ը նախանձում է ինչ-որ մեկին: Սոցիալական կայքերը, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը եւ Twitter-ը, հատկապես արդյունավետ են նախանձի կամ խանդի զգացմունքները բորբոքելու համար՝ հաճախ կապելով մեզ մարդկանց հետ, որոնք ներկայացնում են միայն իրենց կյանքի դրական իրադարձությունների խնամքով մշակված նկարները:
Մանգերը մատնանշել է Հարվարդի հոգեբան Սթիվեն Փինքերի աշխատանքը, որը պնդում է, որ ամբողջ աշխարհում կյանքի որակը կտրուկ բարելավվել է վերջին մեկ-երկու հարյուրամյակի ընթացքում՝ վկայակոչելով կյանքի տեւողության աճը եւ համաշխարհային աղքատության կրճատումը:
Փինքերի աշխատանքի քննադատներն ասում են, որ նրա տեսակետները չափազանց պարզեցված են եւ անտեսում են ժամանակակից կյանքի բացասական կողմերը՝ հարստության աճող անհավասարությունից մինչեւ շարունակական բռնություն եւ քաղաքական անկայունություն, գործոններ, որոնք դեռ կարող են իրական տառապանք պատճառել:
2019-ին Մանգերը նսեմացրել է հարստության եւ եկամուտների անհավասարության ազդեցությունը եւ ասել, որ այն քաղաքական գործիչները, որոնք «գոռում են դրա մասին, հիմարներ են»:
Որոշ քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Վերմոնտի սենատոր Բերնի Սանդերսը եւ Մասաչուսեթսի սենատոր Էլիզաբեթ Ուորենը, վերջին տարիներին կոչ են արել բարձրացնել հարկերը գերհարուստների համար:
Միլիարդատերը թերահավատորեն է վերաբերվել անցյալում հարուստների համար ավելի բարձր հարկերին՝ անցյալ տարի պնդելով, որ որոշ անհավասարություն ազատ շուկայական տնտեսության անհրաժեշտ կողմն է: Այս տարի նա հավելել է, որ հարստության անհավասարության մասին մարդկանց մեծամասնության մտահոգությունների եւ շատ հարուստներին քննադատելու դրդապատճառը նախանձն է։
«Ես չեմ կարող փոխել այն փաստը, որ շատ մարդիկ շատ դժգոհ են եւ իրենց շատ վիրավորված են զգում, երբ իրավիճակը մոտ 600%-ով բարելավվել է, քանի որ կա մեկ ուրիշը, որն ավելի շատ (փող) ունի»,- ասել է Մանգերը: