Վանաձորում կանխվել է 180 կգ սիգի ապօրինի տեղափոխումը
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում դեկտեմբերի 26-ին՝ վաղ առավոտյան ժամը 07։00-07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։
Զննման արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է 300 հատ, ընդհանուր՝ 180 կգ քաշով «սիգ» տեսակի ձուկ։
Առգրավված ձկներն ամբողջությամբ տրամադրվել են «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Հանրապետության ամբողջ տարածքում խստացված միջոցառումները կշարունակվեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը: