Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործանախարարություն
Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել Անկարայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Հերվե Մարգոն, փոխանցում է Ermenihaber-ը։ Պատճառը Փարիզում տեղի ունեցած ցույցերն են, որոնք կազմակերպել են քրդերը, տեղի քրդական համայնքի երեք անդամների սպանությունից հետո։
Թուրքական կողմն իր դժգոհությունն է հայտնել բողոքի ցույցերի վերաբերյալ և պնդել, թե Ֆրանսիայում Թուրքիայի դեմ սև քարոզչություն է իրականացվում, իսկ ֆրանսիացի որոշ քաղաքական գործիչներ որպես գործիք են օգտագործվում:
Թուրքիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Ֆրանսիան «ողջամտորեն» կգործի այս իրավիճակում:
Փարիզում Թուրքիայի դեսպանատունը նույնպես այս հարցի վերաբերյալ պաշտոնական Անկարայի մտահոգությունները փոխանցել է Ֆրանսիայի իշխանություններին։
Նշենք, որ սպանությունը տեղի էր ունեցել անցյալ ուրբաթ։ 69-ամյա տղամարդը սպանել էր 3 մարդու և վիրավորել մի քանիսին։ Նա ոստիկանությանն ասել էր, որ ատում է «օտարերկրացիներին»։
Դրանից հետո Փարիզում քրդերի բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք շաբաթ օրը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Դեկտեմբերի 26-ին, այս միջադեպի կապակցությամբ երթերն ու բողոքի ցույցերը շարունակվում են նաև Ֆրանսիայի մայրաքաղաքում։