Չինաստանը կպարզեցնի օտարերկրացիներին գործարար, ուսումնական և հյուրի վիզաների տրամադրումը
Չինաստանի իշխանությունները երկիր մուտք գործողների համար նախատեսված կարանտինային սահմանափակումների մեղմացման առնչությամբ կպարզեցնեն օտարերկրացիներին գործարար, ուսումնական և հյուրի վիզաների տրամադրումը, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։
«Մենք լրացուցիչ կհեշտացնենք վիզաների ստացման ընթացակարգերն օտարերկրյա քաղաքացիություն ունեցող այն անձանց համար, ովքեր պատրաստվում են այցելել Չինաստան՝ շարունակելու աշխատանքը և արտադրական գործունեությունը, գործնական նպատակով, ուսման համար, հարազատներին այցելելու կամ ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով», - նշված է Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Գերատեսչությունը պարզաբանում է, որ միաժամանակ ծրագրվում է օպտիմալացնել հսկողությունը պետական սահմանի անցակետերում, ապահովել անդրսահմանային բեռնափոխադրումների վերականգնումը մինչև համավարակը գոյություն ունեցող մակարդակի: Բացի դրանից, ինչպես տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ-ն, երկրի իշխանությունները ծրագրված կերպով, աստիճանաբար կավելացնեն չինացի զբոսաշրջիկների միջազգային հոսքը։
Դեկտեմբերի սկզբին Չինաստանը մեղմացրել է հակաքովիդային սահմանափակումները, ինչից հետո երկրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է:
Ինչպես նշում են բժշկական փորձագետները, դրանք թուլացած շտամներ են. հիվանդությունը սովորաբար ընթանում է մեղմ ձևով, մահվան հավանականությունը չափազանց փոքր է։ Հաշվի առնելով սա՝ Չինաստանի կառավարությունը հունվարի 8-ից Էապես կթուլացնի կարանտինային սահմանափակումները երկիր մուտք գործողների համար: