ԱՄՆ-ում հայտնաբերված ամենահին ծայրակալներն ակնարկում են Ասիայի հետ նախապատմական կապերի մասին
Այդահոյում հնագետները հայտնաբերել են գործիքների 13 ծայրակալներ, որոնց տարիքը մոտ 15 700 է, ինչը թույլ է տալիս ասել, որ դրանք հնագույն ծայրակալներն են, որոնք երբեւէ գտնվել են Ամերիկայում։
«Այս գտածոները շատ կարեւոր են՝ պարզելու համար, թե ինչպիսին են հնագիտական տվյալները Ամերիկայի հնագույն ժողովուրդների մասին»,- ասել է Օրեգոնայի պետական համալսարանի պրոֆեսոր Լորեն Դեւիսը, որը ղեկավարել է պեղումները, որոնց ընթացքում հայտնաբերվել են «սայրի նման սուր» ծայրակալները։
«Մի բան է՝ ասել. «Մենք կարծում ենք, որ մարդիկ այստեղ՝ Ամերիկայում, ապրել են 16 000 տարի առաջ», եւ մեկ այլ բան՝ հավաստիանալ դրանում՝ նմուշներ գտնելով, որոնք նրանք թողել են իրենցից հետո»- ավելացրել է Դեւիսը։
Չնայած ոչ մեծ չափերին՝ գիտնականներն ասում են, որ այդ ծայրակալները, որոնք նման են տեգերի, «մահացու» են եղել։ Սալմոն գետից ոչ հեռու, Կուպեր Ֆերիի պեղումների ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 65 000 նմուշ։
Լավ հղկված տեգերը չափազանց նման են ճապոնական Հոկայդոյում գտնվածներին, որոնք 16 000-20 000 տարվա պատմություն ունեն, նշել է Դեւիսը՝ ակնարկելով այն վարկածի մասին, որ սառցե դարաշրջանի մարդիկ Հյուսիսային Ամերիկայում եւ Հարավարեւելյան Ասիայում հանդիպել են շատ ավելի վաղ, քան մենք կարող ենք ապացուցել։