Ավստրիայում ձնահյուսի տակ մնացած դահուկորդները փրկվել են
Ավստրիայի Տրիտկոֆ լեռան մոտ գտնվող լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի հետևանքով անհետ կորած բոլոր դահուկորդները փրկվել են, գրում է Euronews-ը։ Նախօրեին հաղորդվել էր, որ Ավստրիայի Լեխ-Ցուրս հանգստավայրում փնտրում են 10 մարդու։ Երկուշաբթի ոստիկանությունը հայտնել էր, որ բոլորը ողջ են, 4-ը վիրավոր են, նրանցից 1-ը ծանր է, մյուս 6-ը չեն տուժել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բոլոր դահուկորդներն օտարերկրյա զբոսաշրջիկներ են։
Ձնահյուսը շարժվել է դեկտեմբերի 25-ի կեսօրին: Որոնողական աշխատանքներին մասնակցել է մոտ 200 փրկարար, հատուկ վարժեցված շներ, ինչպես նաև 8 ուղղաթիռ: Մութն ընկնելուն պես մարդկանց որոնումները շարունակվել են լուսարձակների օգնությամբ։
Ձյան առատ տեղումներից հետո Ալպերում գրեթե ամենուրեք բարձր ձնահոսքի վտանգ կա։ Վերջին շրջանում Ավստրիայում ձնահյուսի հետևանքով տարեկան միջինը 20 մարդ է զոհվում: