Ինչու չի բացվել Արցախ տանող ճանապարհը. Վոլկովի տեղակալը պարզաբանել է Արցախ մեկնողներին․ News․am
Երեւանի Հանրապետության հրապարակից այսօր առավոտից մեկնարկված մի խումբ քաղաքացիների ավտոերթը դեպի Ստեփանակերտ ընդհատվել է Արցախ տանող փակ ճանապարհին։ Նրանք հանդիպել են ռուսական զորախմբի հրամանատարի տեղակալի հետ։ Ակցիայի մասնակիցներից մեկը մանրամասներ է ներկայացրել հանդիպումից։, հայտնում է News․am-ը։
«Ռուսական զորախմբի հրամանատարի տեղակալն էր եկել, նրա ազգանունը չիմացանք։ Մենք մեր պահանջները ներկայացրինք։ Նա ներկայացրեց, որ իրավիճակը լարված է, ինչի մասին մենք էլ գիտենք, երկրորդը՝ իրենք չեն կարող ապահովել մեր՝ անվտանգ այցն Արցախ։ Նա զգուշացրել է, որ դա կարող է լինել բավականին լարված ու վտանգավոր վիճակ, կարող է ամեն ինչ կառավարման վիճակից դուրս գալ»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Նրա խոսքով՝ Վոլկովի տեղակալն իրենց հայտնել է, որ այս պահին քննարկումներ են ընթանում բարձր մակարդակով. «Նա առաջարկեց, որ սպասենք այդ պատասխանին։ Մենք մեր ցանկությունը հայտնեցինք, որ ուզում ենք գնալ Արցախ, ոգեւորել երեխաներին, տեսնել մեր ընտանիքի անդամներին, նա ասաց, որ իրենք կիսում են մեր դժվարությունը։ Առաջարկեցինք, որ մենք այստեղ սպասենք, իրենք գնան զեկուցեն, նա մեզ տեղեկացրեց, որ անգամ եթե ինքը գնա զեկուցի իր վերադասին, վերադասը զեկուցելու է վերադասին, այնուհետեւ մենք պատասխան ենք ստանալու, նա ասաց, որ դա մի քանի ժամվա հարց չէ, օրեր են տեւելու»։
Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է Արցախը կտրված է աշխարհից ու Հայաստանից։ Մոտ 120 հազար արցախցի մնացել է շրջափակման մեջ։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ճանապարհի՝ փակ լինելու պատճառով Արցախում հումանիտար ճգնաժամի ռիսկն օրեցօր մեծանում է։ Ամեն օր Հայաստանից 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։