«Ձեր նշանակումը կհանգեցնի կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»․ Վահագն Խաչատուրյանը՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
«Ես որևէ կասկած չունեմ, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի Ձեր փորձը մեծ ու կարևոր դեր է խաղալու փոխվարչապետի պաշտոնում և իմ անձնական գնահատականով Ձեր նշանակումը կհանգեցնի նաև կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է նախագահը:
Տիգրան Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, նշել է, որ իր աշխատանքային կենսագրության ընթացքում մշտապես առաջնորդվել է համագործակցության սկզբունքով և նոր պաշտոնում ջանքեր չի խնայելու իր համակարգման ներքո գտնվող գերատեսչությունների և ընդհանրապես գործադիրի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում Տիգրան Խաչատրյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել տարվա ավարտին հայաստանյան ֆինանսական համակարգերում առկա ընթացիկ զարգացումների ընդհանուր պատկերը և գալիք տարում կանխատեսելի ռիսկերն ու դրանց դիմակայելու ուղիները, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացմանն ուղղված միջոցառումների հնարավորությունները:
Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը՝ հնարավորությունների սահմաններում աջակցել գործադիրի կողմից նախատեսվող ծրագրերին:
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային փոխադարձ շփումներն ու խորհրդապահական բնույթի հանդիպումները»,- նշված է հաղոդագրությունում։