Վահագն Խաչատուրյանը և Մարտին Գալստյանը քննարկել են ֆինանսական համակարգերի կայունության և կառավարելիության պահպանման ուղիներն ու ռիսկերը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին:
Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է, որ անցնող տարվա ընթացքում նաև Կենտրոնական բանկի ադեկվատ քայլերի և քաղաքականության արդյունքում տարին փակվում է տնտեսական աճով և առանց կտրուկ ցնցումների:
«Տարին շատ յուրահատուկ է աշխարհի բոլոր կենտրոնական բանկերի համար, ֆինանսական համակարգերի համար, իմ անձնական դիտարկումներով՝ Կենտրոնական բանկի գործողությունները շատ ադեկվատ էին, և այդ ադեկվատության արդյունքում մեզ մոտ և՛ տնտեսական աճ կա, և՛ ցնցումներ չկան, ֆինանսական համակարգում որևէ արտառոց երևույթ տեղի չի ունեցել: Դուք էլ շատ լավ գիտեք, որ ֆինանսական համակարգը սիրում է հանդարտություն և կառավարելիություն: Ես հույս ունեմ, որ եկող տարի էլ դուք նույն կերպ կշարունակեք»,- ընդգծել է նախագահը Խաչատուրյանը:
Մարտին Գալստյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատականի համար և նշել, որ մշտապես զգում Հանրապետության նախագահի աջակցությունը:
«Մենք միշտ Ձեր աջակցությունը զգում ենք մեր փոխադարձ շփումներում, միշտ փորձում ենք Ձեզ տեղեկացված պահել զարգացումների և մեր ծրագրերի վերաբերյալ, ինչպես արդեն նշեցիք, տարին մարտահրավերներով լի էր, բայց Կենտրոնական բանկը, բալանսավորված քաղաքականություն վարելով, տարին փակում է տարածաշրջանի և զարգացած երկրների համեմատ բավական լավ ցուցանիշներով»,- ասել է ԿԲ նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա տարում ֆինանսական համակարգերի կայունության և կառավարելիության պահպանման ուղիներն ու ռիսկերը և դրանց չեզոքացմանն ուղղված Կենտրոնական բանկի ձեռնարկելիք միջոցառումները: