Ճապոնիայում ձյան առատ տեղումները 17 մարդու կյանք են խլել, գրեթե 100 մարդ տուժել է
Ճապոնիայում ձյան առատ տեղումները վերջին օրերին 17 մարդու մահվան պատճառ են դարձել, ևս 93-ը տուժել են, հաղորդել է երկրի աղետների դեմ պայքարի գործակալությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Associated Press գործակալությունից:
Ձյան առատ տեղումները Ճապոնիայի հյուսիսում սկսվել են անցած շաբաթ: Տասնյակ ավիաչվերթներ և գնացքների մեկնումներ հետաձգվել կամ չեղարկվել են, հարյուրավոր ավտոմեքենաներ մնացել են ճանապարհներին, խաթարվել է առաքման ծառայությունների աշխատանքը։
Սակայն ավտոբուսների աշխատանքը հիմնականում վերադարձել է բնականոն հուն: Սուրբ Ծննդյան առավոտյան Էլեկտրահաղորդման գծերի վրա կուտակված առատ ձյունը Հոկայդո կղզում հոսանքազրկել է շուրջ 20 հազար տուն: Սակայն ավելի ուշ տուժած շրջանների մեծ մասում էլեկտրամատակարարումը հաջողվել Է վերականգնել։ Օդերևութաբանների տվյալներով՝ Ճապոնիայի հյուսիսարևելյան հատվածում գրանցված ձյան տեղումները միջինից երեք անգամ ավելի են եղել տվյալ ժամանակահատվածի համար։