Հնդկաստանը նոր քվազի-բալիստիկ հրթիռներ կտեղակայի Չինաստանի և Պակիստանի հետ սահմաններին
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել երկրի զինված ուժերի համար շուրջ 120 Pralay բալիստիկ հրթիռների ձեռքբերմանը: Դրանք տեղակայվելու են Պակիստանի և Չինաստանի հետ սահմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ani գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Պինդ վառելիքով աշխատող «երկիր-երկիր» դասի Pralay քվազի-բալիստիկ հրթիռն ունակ է թիրախները խոցել 150-ից մինչև 500 կիլոմետր հեռավորության վրա: Հրթիռը կարող է փոխել թռիչքի հետագիծը, ինչը շատ դժվար է դարձնում դրա ոչնչացումը կալանիչ հրթիռներով։ Հրթիռը կարող է արձակվել շարժական կայանքից։
«Այս բալիստիկ հրթիռների ձեռքբերումը մեծ նշանակություն ունի երկրի համար, որի որդեգրած քաղաքականությունը թույլ է տալիս բալիստիկ հրթիռներն օգտագործել մարտավարական նպատակներով: Թե՛ Չինաստանը, թե՛ Պակիստանն ունեն բալիստիկ հրթիռներ, որոնք մարտավարական նշանակություն ունեն», - նշում է գործակալությունը:
Pralay հրթիռային համակարգը մշակվել է 2015 թ.-ին: Այն երկու անգամ հաջողությամբ փորձարկվել է անցած դեկտեմբերի 21-ին և 22-ին: