Արևմուտքը Վուչիչից պահանջել է 24 ժամում հասնել Կոսովոյում սերբական արգելապատնեշների քանդման
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչից պահանջել են 24 ժամվա ընթացքում հասնել Կոսովո և Մետոքիայի հյուսիսում կանգնեցված արգելապատնեշների քանդման։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
Դեսպանները նման պահանջով նամակ են հղել Սերբիայի ղեկավարին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում չեն խագնարի չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի՝ իրավիճակն ինքնուրույն կարգավորելու փորձերին: Վերջինս ընդգծել էր, թե տարածաշրջանի հյուսիսում արգելապատնեշների վերացումը «չի կարող բացառել զոհերը», հայտնել է Pink հեռուստաալիքը: Ավելի վաղ Սերբիայի զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին, որ դեկտեմբերի 25-ին, տեղի ժամանակով մոտավորապես 19:45-ին (Երևանի ժամանակով 22:45-ին) Կոսովո և Մետոքիայի Ինքնավար Երկրամասի հյուսիսում՝ Զուբին Պոտոկ բնակավայրից ոչ հեռու, Կոսովոյի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակվել են արգելապատնեշներին գտնվող սերբերի վրա: Այդ միջադեպից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խորհրդակցություններ է անցկացրել վարչապետ Անա Բռնաբիչի և երկրի զինված ուժերի հրամանատարության հետ։ Սերբիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ Միլան Մոյսիլովիչը հայտարարել է, որ իրավիճակը Սերբիայի Կոսովո և Մետոքիայի Ինքնավար Երկրամասի հյուսիսում բարդ է և պահանջում է հանրապետության զինված ուժերի ներկայությունն ինքնավար երկրամասի և երկրի կենտրոնական մասի միջև վարչական գծի երկայնքով:
Իրավիճակը Կոսովո և Մետոքիայում կտրուկ սրվել Է դեկտեմբերի 6-ին, երբ չճանաչված կազմավորման հատուկ ջոկատայինները Կոսովոյում Եվրամիության առաքելության պարեկների ուղեկցությամբ սկսել են գրավել Կոսովո և Մետոքիայի հյուսիսում ընտրական հանձնաժողովների շենքերը: Սերբ բնակչությունը տարերայնորեն կազմակերպվել Է և հակահարված տվել կոսովացիներին, որոնք անցել են Իբար գետից այն կողմ: Դեկտեմբերի 8-ին Կոսովոյից մոտ 350 ոստիկաններ զրահամեքենաներով ներխուժել են սերբաբնակ ինքնավար երկրամասի հյուսիս և շրջափակել Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսային մասը։ Դեկտեմբերի 10-ին Կոսովոյի ոստիկանությունը Կոսովսկա Միտրովիցայում ձերբակալել է սերբ նախկին ոստիկան Դեյան Պանտիչին։ Ի պատասխան՝ սերբ բնակչությունն արգելապատնեշներով փակել է մի քանի բնակավայրերի ճանապարհները: