ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ը
ԱՄՆ-ում մի քանի օր առաջ սկսված ձնաբուքն առնվազն 34 մարդու կյանք է խլել: Ամբողջ երկրում չեղարկվել են հազարավոր չվերթներ, իսկ ճանապարհներով երթևեկելը վտանգավոր է դարձել: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Լրատվամիջոցը նշում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ բազմաթիվ մարդիկ փակված են մնացել տներում, տասնյակ հազարավոր տներ և ձեռնարկություններ զրկվել են էլեկտրական հոսանքից: Բացի այդ, շատերը մնացել են ճանապարհին՝ ավտոմեքենաների մեջ, ոմանք՝ նույնիսկ 2 օրից ավելի: Արտակարգ ծառայությունները դժվարանում են հասնել նրանց: CNN-ն էլ հաղորդում է, որ ձնաբուքն առնվազն 37 մարդու կյանք է խլել:
Ծայրահեղ եղանակային պայմանները տարածվել են Կանադայի հետ սահմանին գտնվող Մեծ լճերից մինչև Ռիո Գրանդե գետ՝ Մեքսիկայի հետ սահման՝ ազդելով ԱՄՆ-ի բնակչության շուրջ 60 %-ի վրա:
Նյու Յորքի իշխանությունները հայտնել են, որ քաղաքի գրեթե բոլոր հրշեջ մեքենաները հայտնվել են արգելափակման մեջ: Մարդկանց կոչ են արել հետևել նահանգում հայտարարված երթևեկության արգելքին: Նյու Յորքի օդանավակայանը փակ կլինի մինչև երեքշաբթի առավոտ: