Սննդաբանը թվարկել է 60-ից բարձր տարիքի մարդկանց համար նիհարելուն օգնող մթերքները
60 տարեկանից հետո նիհարելու համար պետք է հրաժարվել թխվածքաբլիթներից և ավելի շատ բանջարեղեն ուտել, կարծում է սննդաբան Բլանկա Գարսիան։ Նա Eat This, Not That!-ի համար նախատեսված նյութում թվարկել է նիհարելուն նպաստող մթերքները 60 տարեկանից բարձր մարդկանց համար, հայտնում է «Shantnews»-ը։
Մասնագետն առաջին հերթին առաջարկել է ավելի շատ ջուր խմել։ Նա վկայակոչել է Frontiers in Nutrition ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը, որը ցույց է տալիս, որ բավարար քանակությամբ ջուր խմելը նպաստում է քաշի կորստին և նվազեցնում գիրության և երկրորդ տիպի շաքարախտի ռիսկի գործոնները:
Գարսիան կոչ է արել զգալիորեն կրճատել սպառումը կամ սննդակարգից ամբողջությամբ վերացնել այնպիսի մթերքները, ինչպիսիք են կիսաֆաբրիկատները, չիպսերը, թխվածքաբլիթները, խմորեղենը և պաղպաղակը:
«Այս մթերքների մեծ մասում բացակայում են որակյալ բաղադրիչներն ու սննդանյութերը, որոնք նպաստում են բջիջների և հյուսվածքների վերականգնմանը։ Այս մթերքները պարունակում են մեծ քանակությամբ զտված ածխաջրեր, ներկանյութեր և շաքար և հանգեցնում են քաշի ավելացման և օրգանիզմում սննդանյութերի անհավասարակշռության», — բացատրեց նա: