ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկել են Ռուսաստան-Իրան համագործակցությունը
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն իր իսրայելցի գործընկեր Էյալ Հուլաթայի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի միջև «աճող» ռազմատեխնիկական համագործակցությունն Ուկրաինայի հակամարտության համատեքստում:
Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Նրանք քննարկել են Իրանի աճող ռազմական համագործակցությունը Ռուսաստսանի հետ, այդ թվում՝ զենքի փոխանցումը, որը Կրեմլն օգտագործում է Ուկրաինայի դեմ՝ թիրախավորելով նրա քաղաքացիական ենթակառուցվածքները, և դրա դիմաց Ռուսաստանի կողմից Իրանին ռազմական տեխնոլոգիաների տրամադրումը»,-ասվում է մամուլի հաղորդագրությունում:
«Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ հանձնառու են հակազդել Իրանի կողմից տարածաշրջանին սպառնացող վտանգներին և թույլ չեն տա, որ Իրանը միջուկային զենք ունենա»,-ասվում է հայտարարության մեջ։ Կողմերը նաև քննարկել են Իրանի դեմ վերջին ամիսներին սահմանված տնտեսական պատժամիջոցները, ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականների միջև շարունակական համագործակցությունը և զորավարժությունները և գնահատել են «անվտանգության և տնտեսության ոլորտներում Մերձավոր Արևելքի տարածաշրջանին Իսրայելի ինտեգրումն ընդլայնելու հնարավորությունները»:
Սալիվանի և Հուլաթանի քննարկումը տեղի է ունեցել վիրտուալ ռեժիմով անցկացված ամերիկաիսրայելական ռազմավարական խորհրդատվական խմբի նիստի շրջանակներում, որին մասնակցել են նաև երկու երկրների արտաքին քաղաքական վերնախավի, պաշտպանական և հետախուզական գործակալությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: